Սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Երևանում (ՍԻՆԱ)

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի կողմից 2019 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը Տնտեսական Համագործակցության և Զարգացման Ֆեդերալ Նախարարության ֆինանսավորմամբ (BMZ) իրականացվում է «Երևանում սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրումը» ծրագիրը, որի նպատակն է նպաստել պատերազմի հետևանքով Սիրիայից ներգաղթած, Երևան քաղաքում ապրող խոցելի սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը հասարակության մեջ։
Մասնավորապես, ծրագիրը նպատակ ունի բարելավել շահառու ընտանիքների սոցիալ-հոգեբանական վիճակը, զարգացնել սիրիահայ ընտանիքների անդամների աշխատունակության հմտությունները, բարելավել սիրիահայ երեխաների կրթության մակարդակը և ապահովել նրանց ինտեգրումը հայկական կրթական համակարգում, իրազեկել սիրիահայ ընտանիքներին իրենց սոցիալ-տնտեսական իրավունքների վերաբերյալ, ամրապնդել պետական մարմինների և տեղական հասարակական կառույցների խոցելի խմբերի հետ աշխատելու հմտությունները:
Արդյունքում, ծրագրի անմիջական թիրախային խումբը, որը բաղկացած է 400 սիրիահայ խոցելի ընտանիքների մոտ 1600 անդամներից, ինչպես նաև 20 երեխաներ` տեղացի անապահով ընտանիքներից, հնարավորություն կստանան օգտվելու ծրագրի ծառայություններից։
Ծրագիրը կօգնի մասնակիցներին զարգացնել հոգեբանական խնդիրներն ու պատերազմի տրավմանները հաղթահարելու համապատասխան հմտություններ, ստանալ իրենց ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու հնարավորություն՝ մասնակցելով փոքր բիզնեսի կազմակերպման դասընթացներին, ստանալ ֆինանսական աջակցություն իրենց գործարար ծրագրերը իրագործելու համար, բարելավել իրենց զբաղունակության հնարավորությունները՝ մասնակցելով մասնագիտական ուսուցման և այլ որակավորման դասընթացներին և տարբեր ընկերություններում փորձնակություն անցնելով։