Ընտանիքների ամրապնդման ծրագիր Կոտայքի մարզում

Ընտանիքների ամրապնդման ծրագիրը Կոտայքի մարզում մեկնարկել է 2018 թվականի հունվարից և ներկայումս աշխատում է մարզի 15 համայնքներում՝ հետագայում մարզի բոլոր համայնքները ծրագրում ընդգրկելու հեռանկարով։

Ներկայումս ծրագրի կողմից աջակցություն են ստանում 80-ից ավելի ընտանքիներ, որոնց ներգրավման հիմնական չափանիշը մանկալքության վտանգն է։ Որպես ընտանիքների ներգրավման լրացուցիչ չափորոշիչներ դիտարկվել են՝

1․ Ծայրահեղ աղքատությունը 

2․ Ծնողների գործազրկությունը

3․ Երեխաների և ծնողների առողջական խնդիրները

4․ Միայնակ ծնողների երեխաները

5․ Հաշմանդամություն ունեցող ծնողը/երեխան

6․ Ծանր սոցիալ-տնտեսական պայմանները

Շահառու ընտանիքների բացահայտման և նույնականացման նպատակով ծրագիրն ակտիվորեն համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների, ընտանիքների, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, ինչպես նաև մարզում գործող հասարակական կազմակերպությունների հետ։

Ծրագրի շրջանակներում տրամադրվող կրթական ծառայությունների մեջ են մտնում գյուղի տարածքում գործող թվով 10 տարբեր խմբակները, նախակրթական տարիքի երեխաների համար համայնքային նախակրթարաններ հաճախելու վարձավճարների փոխհատուցումը, ծնողների համար ծնողավարման հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպումն ու դպրոցահասակ երեխաների՝ դպրոց հաճախելու համար անհրաժեշտ հագուստի, դպրոցական պարագաների և գրենական պիտույքների տրամադրում։  

Հատուկ ուշադրություն է դարձվում ծնողների, ինչպես նաև երեխաների առողջությանը վերաբերող խնդիրների կարգավորմանը, ինչն իր մեջ ներառում է դեղորայքի տրամադրում, ինչպես նաև տարբեր պետական և ոչ պետական կազմակերպությունների ռեսուրսների մոբիլիզացիայի շնորհիվ՝ բժշկական թանկարժեք վիրահատությունների և բուժումների իրականացում։

Ծրագրի տնտեսական կայունացման շրջանակներում ընտանիքների համար կազմակերպվում են մասնագիտական դասընթացներ, որից հետո իրենց տրամադրվում են մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գործիքներ ու պարագաներ, ինչն օգնում է աշխատանքային շուկայում ավելի մրցունակ դառնալ և ավելի հեշտությամբ աշխատանք գտնելուն։

Ծրագրի բոլոր շահառուներն, անհրաժեշտության դեպքում, ստանում են անհատական և խմբային հոգեբանական խորհրդատվություններ, որոնք հիմնականում իրականացվում են ծրագրի հոգեբանի կողմից։

Սոցիալական աշխատողների կողմից իրականացվող շարունակական խորհրդատվությունների շնորհիվ՝ շահառու ընտանիքների շրջանում բարձրացել է իրենց իրավունքների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը, ինչն օգնում է տարբեր պետական կառույցների հետ շփումներում իրենց իրավունքների իրացման հարցում։

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան