Սոցիալական ծրագրեր

Ընտանիքների ամրապնդման ծրագիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
Սոցիալ-հոգեբանական գործառույթի շրջանակներում երեխաները ուղղորդվում են խմբակներ ըստ նախասիրությունների և հետաքրքրությունների, մասնակցում են Էքսկուրսիաների, կազմակերպվում են այցելություններ տարբեր մշակութային կենտրոններ՝ թանգարաններ, պատկերասրահներ, ցուցահանդեսներ, կազմակերպվում են ամառային բակային ճամբարներ, իրականացվում են խմբային և անհատական խորհրդատվություններ: Այս միջոցառումները նպաստում են երեխաների ճանաչողական և հուզական ոլորտի զարգացմանը, օգնում են իրենց ձեռք բերել նոր հմտություններ, գիտելիքներ, ստեղծում են երեխաների համար ներդաշնակ սոցիալականացման պայմաններ։
Իրավաբանական գործառույթի շրջանակներում իրականացվում են խմբային և անհատական իրավաբանական խորհրդատվություններ, պաշտպանվում են երեխաների շահերը տարբեր ատյաններում, կազմակերպվում են դասընթացներ «Երեխաների իրավունքները և պարտականությունները» թեմայով երեխաների և ծնողների համար՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածության աստիճանը:
Առողջապահական գործառույթի շրջանակներում ծնողներին և երեխաներին տրամադրվում է դեղորայք, իրականացվում են ուղղորդումներ առողջապահական հաստատություններ հետազոտման և բուժման նպատակով։
Կրթական ծառայությունների շրջանակներում երեխաներին տրամադրվում են գրենական պիտույքներ, փոխհատուցվում են դասագրքերի գումարները, կազմակերպվում են լրացուցիչ դասընթացներ առաջադիմության բարձրացման նպատակով։ Տրամադրվում է լոգոպեդական ծառայություն՝ խոսքի և լեզվական խնդիրների շտկման նպատակով։ Կրթական ոլորտում երեխաներրին նաև հնարավորություն է ընձեռնվել շարունակելու ուսումը մասնագիտական ուսումնական հաստատություններում, քոլեջներում: Այս գործառույթի շրջանակներում համագործակցում ենք դպրոցների հետ, հատկապես ներառական կրթությամբ ծրագիր իրականացնող դպրոցների բազմամասնագիտական թիմերի հետ:
Տնտեսական կայունացման գործառույթի շրջանակներում ծնողները՝ ստանալով մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն, ուղղորդվում և վճարվում են մասնագիտական դասընթացների համար։ Կազմակերպվում են աշխատանքի տեղավորման դասընթացներ, փոխօգնության խմբեր, տրամադրվում են աշխատանքային գործիքներ։ Այս գործառույթի շնորհիվ բազմաթիվ ընտանիքներ ստանում են տնտեսապես կայունանալու հնարավորություն, ձեռք են բերում ինքնավստահություն, դառնում են ինքնաբավ։
Նյութական աջակցության շրջանակներում տրամադրվում են սննդի փաթեթներ, հագուստ, հիգիենիկ պարագաներ, անհրաժեշտության դեպքում հոգում ենք ընտանիիքի կոմունալ ծախսերը, բարելավվում ենք կենցաղային պայմանները։
Ծնողավարման հմտությունների զարգացման նպատակով իրականացվում են հետևյալ դասընթացները․ «Առողջ ապրելակերպ», «Դաստիարակման ձևեր և ոճեր», «Երեխաների տարիքային առանձնահատկություններ, տարիքային ճգնաժամեր, վախեր, մանկական ագրեսիա և դրանց հաղթահարման ձևերը», «Ամուր ընտանիք, ուժեղ երեխաներ» թեմաներով։
Ծրագրի շրջանակներում իրականացվում են նաև համայնքի ուժեղացմանը ուղղված գործողություններ։ Իրականցվում են բազմաթիվ համատեղ միջոցառումներ նվիրված Ընտանիքի, Երեխաների պաշտպանության, Երեխաներին բռնությունից պաշտպանելու միջազգային օրերին։ Ծրագրի ներկայացուցիչները անդամակցում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին։ Ամուր հիմքերի վրա է դրված համագործակցությունը բոլոր վարչական շրջաններում գործող երեխաների շահերի պաշտպանությամբ զբաղվող կառույցների հետ։ Համայնքում մեր ծրագիրը համարվում է երեխաների պաշտպանության առաջնային օղակներից մեկը, քանի որ այն արդյունավետ համագործակցության մեջ է գտնվում համայնքային բոլոր կառույցների հետ և ժամանակին արձագանքում է ընտանիքներում առաջացած խնդիրներին։ Տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաջողված համագործակցության և ծրագրի արդյունավետ իրականացման համար՝ ծրագրի աշխատակազմը տարիներ շարունակ ստանում է շնորհակալագրեր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի կողմից, ինչը հանդիսանում է կատարված աշխատանքի արդյունավետության լավագույն ցուցանիշ:
Ծրագրի մասնագիտական թիմը ներգրավված է սոցիալական աջակցության տարածքային բաժինների ակտիվացման գործընթացում: Սոցիալական աշխատողները իրենց մասնագիտական գիտելիքներն ու փորձը փոխանցում են պետական օղակի սկսնակ մասնագետներին։ Համատեղ հանդիպումների ընթացքում մշակվում են ռեսուրսների ճիշտ բաշխման եղանակներ։