ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղի երեխաների ամանորյա եռուզեռը
Դեկտեմբերի կեսերից սկսած Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղի երեխաների կյանքը լցվում է ամանորյա եռուզեռով: Երեխաները մասնակցում են տարբեր ամանորյա միջոցառումների և ընդունում են հյուրեր:
Այս տարի երեխաների ամանորյա եռուզեռը սկսվեց «Քինգ Գարդեն» ընտանեկան ժամանցի կենտրոնում կազմակերպված բարեգործական միջոցառմամբ, որին մասնակցելու հրավերը երեխաները ստացել էին կենտրոնի տնօրինության կողմից: Ժամանցի կենտրոնում երեխաների համար կազմակերպել էր համեղ հյուրասիրություն, ցերեկային շոու ծրագիր հեքիաթների հերոսների մասնակցությամբ, ինչպես նաև տարբեր խաղեր ու մրցաշարեր:
Այնուհետև, օրեր անց, «ԱՐ» հեռուստաընկերության ուղեկցությամբ երեխաներին հյուր եկան «Գրանդ Քենդի» ընկերության աշխատակիցները, Զմեռ Պապն ու իհարկե երեխաների արդեն մշտական ամանորյա հյուր դարձած Գրանդ Փղիկը: Երեխաներն ամեն տարի մեծ ոգևորությամբ սպասում են այս այցելությանը: Հյուրերն իրենց հետ համեղ կոնֆետներ և քաղցրավենիք էին բերել երեխաների համար:
Երեխաների նախատոնական հաջորդ այցելությունը եղավ «Մեգերյան կարպետներ» կարպետագործության գործարան, որտեղ կազմակերպված ամանորյա միջոցառմանը նրանք հանդես եկան պարային համարով և երգի կատարմամբ: Միջոցառմանը ներկա հյուրերին երգ ու պարով ուրախացնելուց զատ, երեխաները նաև ամանորյա փոքրիկ նվեր-անակնկալներ էին պատրաստել իրենց ձեռքերով: Բոլոր հյուրերը հաճելիորեն զարմացան երեխաների թե ելույթով, և թե նվերներով: «Մեգերյան կարպետներ» կարպետագործության գործարանի տնօրինությունն էլ իր հերթին գրենական պիտույքներ և «Ռոբոտների շքերթ» ինտերակտիվ ցուցահանդեսի տոմսեր նվիրեց երեխաներին:
Հաջորդ վայրն ուր ամանորի նախաշեմին այցելեցին Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղի երեխաները Ավետիք Իսահակյանի անվան գրադարանն էր, որտեղ հատուկ ՍՕՍ Մանկական գյուղում ապրող երեխաների համար մեծ միջոցառում էր կազմակերպված: Միջոցառմանը ներկա էին նաև Իջևանի ՍՕՍ Մանկական գյուղի երեխաները: Միջոցառման ընթացքում երեխանները դիտեցին փոքրիկ բեմադրություն և ունկնդրեցին Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի սաների երաժշտական կատարումները: Երեխաներն ամանորյա նվերներ սատացան «ՍԱՈՒՂ» (SAUR) ֆրանսիական ընկերության և «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարանի կողմից:
Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղի երեխաների նախատոնական եռուզեռը հայերնասիրական ոգով լցվեց «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության երիտասարդ անդամների այցելությամբ:
Երիտասարդներին ուղեկցում էր Կոտայքի փոխմարզպետ Համլետ Հարությունյանը, ով հանդիսանում է միության գլխավոր ներկայացուցիչն ու անդամը: Երիտասարդ երկրապահները երգեցին հայրենասիրական երգեր և արտասանեցին հայրենիքին նվիրված բանաստեղծություններ: Նրանք երեխաներին նվիրենցին Աստվածաշունչ և Արցախի հերոսների մասին պատմող գրքեր:
Երեխաները նաև այցելեցին Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոն դիտելու Էլֆիք Զոհրաբյանի «Ախ, այդ Վհուկը» հեքիաթ-պիեսի բեմադրությունը: Թատրոնի տոմսերը Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղի երեխաներին ամանորի կապակցությամբ որպես նվեր տրամադրել էր Կոտայքի մարզի Արամուս գյուղի գյուղապետարանի աշխատակազմը:
Երեխաների ամանորյա եռուզեռը եզրափակվեց Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղում տեղի ունեցած ամանորյա միջոցառմամբ: Այս տարի երեխաները գյուղի տոնական հանդեսի կազմակերպումը լիովին վերցրել էին իրենց վրա: Ինքնուրույն գրել էին հանդեսի սցենարը, ընտրել երգերը, պարային համարները և պատրաստել թատերական ներկայացումը:
Ամանորյա տոնական հանդեսը հանդիսատեսի կողմից բարձր գնահատականի արժանացավ: Իսկ ամենավերջում երեխաներին հյուր եկան Ձմեռ Պապն ու Ձյունանուշը, ում նրանք ամենաշատն էին սպասում: Ձմեռ Պապն ու Ձյունանուշը շնորհավորեցին երեխաներին և հանձնեցին ամանորյա նվերները: