Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղի երեխաների ամանորյա եռուզեռը
Դեկտեմբերի 30, 2015
Ցավալի լուր ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստանից
Ապրիլի 25, 2018

Ս Ի Ր Ե Լ Ի՜ Ք Ո Չ Ա Ր Յ Ա Ն Ն Ե Ր

Անձամբ իմ, «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների, ՍՕՍ-ի աշխատակիցների և երեխաների անունից խորին ցավակցություններս ենք հայտնում «ՍՕՍ Մանկական Գյուղեր» Հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Մահվան բոթը ստանալով` «ՍՕՍ մանակական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ողջ հանրույթը խորապես վշտացած ու ցնցված է Հայաստանի Հանրապետության «ՍՕՍ» համակարգի կայացման և զարգացման մեջ նշանակալի ավանդ թողած, մեծանուն մարդու համբավ վաստակած մեր բոլորի սիրելի Աշոտի անժամանակ մահվան առթիվ:

Աշոտն իր բազմաբեղուն գործունեությամբ մեծ հետք է թողել երեխաների իրավունքների պաշտպանության և բաց հաստատությունների հիմնման և խնամատար ընտանիքների զարգացման գործում, եղել է այդ համակարգի նորացման ու կայացման ակունքներում, հանդիսացել ազնիվ և նվիրյալ, հասարակական և պետական մտածողությամբ օժտված ղեկավար:

Իր ապրած 59 տարիներից վերջին 16 տարիները անմնացորդ նվիրաբերել է նաև ՍՕՍ-ի համբավի միջազգայնացման գործին: Նա հսկայական վաստակ է թողել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին պատսպարելու, նրանց սիրով և գորովանքով պարուրելու, անհնարինը՝ հնարավոր դարձնելու տիրույթում:

Նա ոչ միայն փայլուն ղեկավար և անմոռանալի ընկեր էր, այլև՝ սիրող ամուսին իր կնոջ և հիանալի հայր՝ իր երկու դուստրերի համար: Ուստի, մեզանից յուրաքանչյուրը ոչ միայն վշտացած է այս մեծ անհատականության մահվան, այլ նաև նրա ընտանիքի ստացած ծանրագույն կորստի համար:

ՍՕՍ-ին զինվորագրված ու մարմնավորած իր անօրինակ կերպարով երեխաների և աշխատողների մեկ սերունդ չէ, որ դաստիարակվել է որպես հայրենասեր, որպես մարդ ու քաղաքացի: Նրա կորստով մի շատ կարևոր բան պակասեց մեր միջավայրում, քանի որ շատերի համար տիպանմուշ էր իր ունեցած հստակ քաղաքացիական դիրքորոշմամբ, մասնագիտական արհեստավարժությամբ և այլ կարողություններով:

ՍՕՍ-ի գալիք սերունդներն ու ժամանակը դեռ իրենց գնահատականը կտան նրա ունեցած կառավարչական, մանկավարժական, սոցիալական աշխատողի հմտությունների, հայրենիքին նվիրվածության, տաղանդավոր մարդ ու քաղաքացի լինելու, ինչպես նաև նաև նրա թողած վաստակի ու անցած ուրույն ճանապարհի մասին:

Մենք կորցրեցինք մեծ մարդու և ընկերոջ, իսկական մտավորականի և մեծ հայի: Նրա ներկայությունը ՍՕՍ-ում եւ հասարակական կյանքում նշանակալի էր: Նա իր վարքապահվածքով ու կեցվածքով մեզ բոլորիս դարձնում էր ավելի բարի, ավելի նվիրված, ավելի լավը:

Նրա ջանքերով էր, որ հնարավոր դարձավ մաքրել թանձր ծխածածկույթը ՍՕՍ-ի վրայից, որպեսզի մարդիկ տեսնեին անխնամ մնացած երեխաների վարագույրից այն կողմ տեղի ունեցող բարեփոխումները, հենց տեսնեին և ոչ թե նայեն:

Աշոտը ՍՕՍ-ի բացառիկ նվիրյալ էր, ինչի շնորհիվ կհավերժանա մեր հաստատության աշխատողներից ստացած չմարվող սիրով ու հիշողությամբ: Նա արժանացել է դրան, քանի որ շատերին էր հաճախ հուզում նրա մոռացած առօրեական հոգսերը, որպեսզի ժամանակը բավարարեր որևէ գործ կիսատ չթողնելու համար: Նա ամբողջ նվիրումով ապրում էր և հմայված էր իր գործով ու նվաճած հաջողություններով...

Համոզված եմ, որ ՍՕՍ-ի նոր ղեկավորությունը կշարունակի նրա թողած կիսատ գործերը՝ չփոխելով նրա ձեռագիրը:

Նա ընտեց մահվան այնպիսի օր, որպեսզի մեր սրբադասված նահատակների հետ սգան նաև իր կորուստը:

Կրկին ցավում եմ ու ցավակցում եմ Ձեզ, Աշոտի հարազատներին, բարեկամներին, մտերիմներին ու մեզ բոլորիս անդառնալի կորստյան առթիվ։

Այս ծանրագույն վշտի, ստացած հարվածի պահին շատ դժվար է սփոփանքի և մխիթարության այնպիսի խոսքեր գտնել, որոնք կամոքեին Ձեր և նրան ճանաչողների անսահման վիշտը, սակայն հավատում եմ, որ հանուն Ձեզանից ու մեզանից հեռացած Աշոտի լուսավոր հիշատակի, Դուք ուժ կգտնեք դիմակելու վրա հասած ողբերգությունը:

Դուք հանգիստ կարող եք բարձր պահել Ձեր գլուխները, քանի որ կարող եք հպարտանալ նրանով. անուրանալի է նրա թողած վաստակը:

Մնում է մխիթարվել այն մտքով, որ դեպի դրախտ է նրա ուղևորությունը:

Երկնքի արքայություն քեզ, սիրելի՜ ընկեր:

Նվիրաբերել